ՔայլՏեք

Քայլաբեր՝ քայլեցնելու արվեստը․ «Արտիսիմո»-ի և «ՔայլՏեք» ընկերության համագործակցության մասին․ Հայաստանի վերականգնողական կենտրոնները` համալրված լինելով արտասահմանյան սարքավորումներով, մինչև վերջին տարիները չունեին բուժման համար անհրաժեշտ հայկական արտադրության մի շարք սարքավորումներ։ Աշխարհին ներկայանալով նորարարությամբ, տարիների աշխատանքի արդյունքում վերականգնողական և օժանդակ սարքավորումների, նորարարական լուծումների ստեղծմամբ զբաղվող «ՔայլՏեք» ընկերությունը արտադրում է «Քայլաբեր» սարքը, որի անունը պատահական չէ ընտրված, քանի որ այն իրականացնում է քայլքի ամբողջական իմիտացիա, և շարժի մեջ են լինում բոլոր այն մկանները, որ քայլելիս ակտիվանում են՝ վերականգնելով քայլքի ֆունկցիան, կանխելով կամ բացառելով հաշմանդամության հետ զուգահեռ զարգացող ավելի քան 30 հիվանդություններ ու սրացումներ։ «Արտիսիմո»-ն և «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնը անում են ամեն հնարավորը իրենց սաներին անհրաժեշտ վերականգնողական գործընթացն ապահովելու համար, ինչից ելնելով առաջացել է «ՔայլՏեք»-ի հետ համագործակցությունը։ Այն իրականություն է դարձել «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամից ստացած դրամաշնորհի միջոցով, որի շնորհիվ «ՔայլՏեք» ընկերությունից ձեռք են բերվել հայկական արտադրության կանգնակներ։ Սա «ՔայլՏեք»-ի հետ համագործակցության առաջին էտապն էր։ Խորացնելով համագործակցությունը` «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնին «ՔայլՏեք»-ը նվիրել է «Քայլաբեր»-ը։ Զարգացման կենտրոնի առաքելությունն է` բացահայտել երեխաների ներուժը, մասնագիտական և հոգեբանական աջակցության միջոցով օգնել` ադապտացվելու ու ինտեգրվելու հասարակության մեջ։ «Քայլաբեր»-ը ինտեգրման ճանապարհն առավել դյուրին դարձնելու ևս մեկ միջոց էր։ Միջոց, որի շնորհիվ թե' երեխան, թե' ծնողն առավել ինքնավստահ են զգում իրենց, անկաշկանդ` մասնակից դառնալու հասարակական գործընթացներում։ «Արտիսիմո»-ն կարևորում է յուրաքանչյուր երեխայի համար նշված նպատակի իրագործումը՝ քայլեցնելով ու ապրեցնելով, պարգևելով ժպիտ ու երջանկություն։