Մարտի 17-ին, «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնում «Արվեստը դռներ է բացում» ծրագրի շրջանակում իրականացվեց «Արվեստանոց»՝ տիկնիկագործություն։
 
Զարգացման կենտրոնի աշխատակազմն իր առջև նպատակ էր դրել առանձնահատուկ երեխաներին ծանոթացնելու Ակլատիզ տիկնիկի կամ Պաս պապի հրաշագործ հատկություններին, հետաքրքիր տեսքին ու կառուցվածքին։
 
Ակլատիզ կամ Ախալոճ, Ախլոճ, Ախացել, Ախելուծ, Աքլատիզ, Գոգոռոզ, Խուխուլիճ, Խուլուճիկ, Մոռմոռոզ, Մռմռաս, Մեծպաս, Որոջբեկ, Ֆռիկ տիկնիկ Մեծ Պահքի. տարբեր գավառներում տարբեր են Ակլատիզի անվանումները։ Մեծ Պասի ծիսական տիկնիկը արական տիրապետության և Պասի օրերի շրջանն է խորհրդանշում։ Նա հայտնվում է պասի առավոտյան` իր հետ բերելով ծիսական գործողությունների շարան, որոնք պիտի ապահովեն պտղաբերությունն ու արգասաբերությունը: Ակլատիզը պատրաստում է տան ամենատարեց կինը` բոլորից թաքուն:
 
Երեխաները իրենց մայրիկների հետ միասին ծանոթացան այս պատմությանը, ծիսական տիկնիկներ պատրաստելու արվեստին, Ակլատիզ տիկնիկ պատրաստելու եղանակին։
Տիկնիկը մի սոխ էր՝ վրան 7 փետուր խրած։ Դրանք խորհրդանշում են պասի յոթ շաբաթները։ Շաբաթը լրանալուն պես մի փետուր հանում էին։ Ակլատիզը խիստ կերպար ուներ։ Նրա թևերից կախում էին 48 քարեր, որոնք խորհրդանշում են պասի 48 օրերը։
 
Ակլատիզը քարերով հարվածում էր նրան, ով չէր պահում պասը։
Արվեստանոցի մասնակիցներն իրենց ձեռքով պատրաստեցին Ակլատիզ տիկնիկը։ Պատրաստման ընթացքը ուղեկցվեց ազգային երգ ու երաժշտությամբ։
 
Ընթացքը մեծ ոգևորություն էր երեխաների համար, և նրանք ամբողջ հոգով ու էությամբ, ժպիտով ու ուրախությամբ մասնակցում էին ծիսակարգին։ Վերջում յուրաքանչյուրը իր հետ տուն տարավ իր պատրաստած Ակլատիզը։