Հայ օգնության ֆոնդ

Փոխադրամիջոցը` լավագույն նվեր. «Այո» բազմաֆինանսավորման հարթակի և «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի համագործակցության մասին. Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ)`«Այո»-ի հիմնադիրը, ամերիկյան հումանիտար և զարգացման կազմակերպություն է, որն արտակարգ իրավիճակներում կարճաժամկետ օգնության նախագծեր է իրականացնում, ինչպես նաև երկարաժամկետ ծրագրեր երեխաների պաշտպանության, տնտեսական զարգացման, կրթության, առողջապահության և սոցիալական ծառայությունների ոլորտում: ՀՕՖ-ը հիմնադրվել է Հայ առաքելական եկեղեցու Ամերիկայի արևելյան թեմի նախաձեռնությամբ 1988-ին Գյումրիի ավերիչ երկրաշարժից հետո: «Այո»-ն ակտիվ գործունեություն ցուցաբերող երիտասարդների նախաձեռնություն է, որը ստեղծվել է 2013թ՝․ տեղական խնդիրներին տեղական լուծումներ առաջարկելու նպատակով: «Այո»-ի նախագծերը ստեղծված են ոգեշնչելու հայ երիտասարդներին Հայաստանի տարածքում, ինչպես նաև Հայաստանից դուրս, խթանելու միասնականության ուժը և լավագույնին հասնելու ձգտումը։ ​«Այո» հարթակը գործում է Մարթա Բաթմասյանի նվիրատվության շնորհիվ, որի արդյունքում առցանց և առկա արշավներից գոյացած հասույթի 100%-ն ուղղվում է բուն ծրագրերի իրականացմանը: ​ ​Հանգանակություններն ուղղվում են տնտեսական զարգացման, կրթության, առողջապահական, սոցիալական և երեխաների խնամքի ոլորտներում մարդասիրական և զարգացման ծրագրեր իրականացնելուն։ 2017 թ-ին «Ոսկեփորիկ» -ի դեռևս փոքրիկ թիմը Մարտունի քաղաքում հիմնադրեց զարգացման կենտրոն, որը նպատակ էր հետապնդում անել ամենը՝ ֆիզիկական և մտավոր հատուկ կարիքներ ունեցող երեխաների ինտեգրմանը հասարակության մեջ նպաստելու համար, ինչպես նաև ապահովել անհրաժեշտ վերականգնողական թերապիաներին կանոնավոր հաճախումը: Մարտունի տարածաշրջանի երեխաների սպասարկմանը խոչընդոտ էր երեխաների տեղափոխման կազմակերպումը։ Մինչ «Այո» թիմի՝ զարգացման կենտրոն այցը, այն իրականացվում էր տաքսիների, երթուղայինների և այլ ոչ կանոնավոր փոխադրման միջոցներով, ինչը խաթարում է երեխաների բուժման սահուն ընթացքը և պահանջում է հավելյալ ծախսեր: Մեկ այլ խնդիր է նաև այն, որ շատ հաճախ այդ փոխադրող միջոցները հարմարեցված չէին լինում երեխաների համար անվասայլակներով։ Մարտունու զարգացման կենտրոն այցելելուց և կատարված հսկայական աշխատանքը տեսնելուց հետո «Այո» թիմը որոշում է կայացնում աջակցել «Ոսկեփորիկ» կենտրոնին և ձեռք բերել հարմարեցված մեքենա, որը կիրականացնի հաշմանդամություն ունեցող երեխաների կանոնավոր և ապահով տեղափոխումը, որը անշուշտ կնպաստի ավելի արդյունավետ եւ արագ վերականգնմանը՝ հասնելով նորանոր հաջողությունների: 2022 թվականի փետրվարի 7-ից շահագործման հանձնվեց /Հայ օգնության ֆոնդի /«Այո» բազմաֆինանսավորման հարթակի աջակցությամբ ձեռք բերված մեքենան։ Մեքենանայի առկայությունը օգնեց և շարունակում է օգնել` իրականացնելու «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների վերականգնողական բուժումը։ Աջակցելով այս ծրագրին՝ դրական ազդեցություն կթողնենք մի հսկայական շղթայի վրա՝ նպաստելով երեխաների վերականգնմանն ու ինտեգրմանը, ծնողներին կրթելու և հմտություններով զինելու պրոցեսին, ինչպես նաև հասարակության արժեքային ընկալումները փոխելու կարևոր գործին: Եվս մեկ անգամ ասենք ԱՅՈ՝ միանալով ոսկեփորիկների մանկությունը լուսավորելու, սպասված ու ցանկալի երազանքների իրակամացման նվիրական գործին։