Ապրիլի 27-ին Մարտունի քաղաքի «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնում տեղի ունեցավ սեմինար, որը վարում էր կենտրոնի առաջատար մասնագետ, զգայական ինտեգրման թերապիստ Աննի Մալխասյանը։ Սեմինարի շրջանակներում անդրադարձ կատարվեց զգայական ինտեգրման վերաբերյալ մի շարք հարցերի.
 
•Ի՞նչ է զգայական ինտեգրումը,
•Վաղ տարիքում երեխայի զգայարանների խթանման կարևորությունը,
•Զգայարանների զարգացմանն ուղղված խաղ-վարժությունների օրինակներ,
•Դեպքերի քննարկում մասնակիցների հետ։
 
«Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնը, աշխատելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների հետ, լինելով ինտեգրմանն նպաստող կարևորագույն հարթակ, այս անգամ կենտրոնի սաների գլխավորությամբ հյուրընկալեց Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղի միջնակարգ դպրոցի սաներին։
 
Սեմինարը բովանդակալից էր, հագեցած հետաքրքիր գործնական աշխատանքով։ Քննարկման ընթացքում մասնակիցները դուրս բերեցին բոլոր հնարավոր խնդիրները և լուծումները։ Յուրաքանչյուր մասնակից հստակ պատկերացում կազմեց զգայական ինտեգրման թերապիայի մասին։
 
Զգայական ինտեգրման թերապիան կենտրոնի հիմնաքարերից մեկն է։ «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնը մշտապես կարևորում է Ծնող — Երեխա — Մասնագետ կապը։