«Արտիսիմո» ՀԿ«Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնը «Արվեստը դռներ է բացում» ինտեգրման ծրագրի շրջանակում իրականացնում է մի շարք թերապիաներ, որոնք նպատակաուղղված են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ֆիզիկական, մտավոր և հոգեբանական առողջության բարելավմանը։
Հիմնական թերապևտիկ ուղղություններից մեկն է նաև Ձիաբուժությունը, որը վերջին տասնամյակում ճանաչվել է ամենաարդյունավետ վերականգնողական միջոցներից մեկը՝ թե՛ մտավոր, թե՛ հենաշարժողական համակարգի տարբեր խնդիրների դեպքում:
 
Քայլքի ժամանակ ձիու թին կատարում է 110 տեսակի տարբեր ուղղության տատանողական շարժումներ, որոնք հաղորդվում են ձիավորին։ Ճիշտ կեցվածքը պահպանելու համար ներգործվում է հավասարակշռությունը և կոորդինացվում են շարժումները։ Մանկական ուղեղային կաթվածով հիվանդների մոտ հենց այս պատճառով սկսում են աշխատել այն մկանները, որոնք առօրյա կյանքում անգործության են մատնված։
 
Քայլելու ընթացքում ձիու ողնաշարը տալիս է նույն տատանումները, ինչ մարդու ողնաշարը: Մարդն, ունենալով հենաշարժողական համակարգի խնդիր, ձիուց ստանում է այն ազդակը, որը չի ստանում ուղեղը վնասված լինելու պատճառով: Այսինքն, ձիուց ստանում է ճիշտ քայլելու ազդակները:
 
Բացի դրանից, ձիու մարմնի ջերմաստիճանը 1-1.5 աստիճանով բարձր է մարդու մարմնի ջերմաստիճանից, և բոլոր մկանները հզոր ջերմային մերսում են ստանում։
 
Ձիաբուժության շրջանակներում կենտրոնի թե՛ առանձնահատուկ, և թե՛ նեյրոտիպիկ երեխաները հնարավորություն են ունենում ստանալու ոչ միայն անհրաժեշտ թերապիան առողջության բարելավման համար, այլև վայելում են դրական էներգիայով և վառ տպավորություններով լցված պահեր։
 
Ձիաբուժությունը լավագույնս նպաստում է երեխաների ինտեգրմանը հասարակության մեջ։