Անգելինա Հակոբջանյանը ծնվել է հունվարի 17֊ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ Անգելինան ընտանիքի 3֊րդ երեխան է։ Ինչպես նկարագրում է մայրիկը` նա շատ խելացի, ակտիվ և համբերատար երեխա է։ Ծնողները մոտ յոթ ամսականում նկատել են, որ երեխան չի կարողանում կանգնել ոտքերի վրա։ Գնացել են բժշկի և պարզել, որ երեխան ունի զարգացման հապաղում։ Շուրջ 2 տարի հաճախել են ֆիզիոթերապիայի։ Չստանալով որևէ երաշխիք, որ երեխան կքայլի և լսելով միշտ նույն խոսքը՝ «ժամանակը ցույց կտա»՝ որոշել են դադարեցնել այցերը։ Մայրիկն ինքն է սովորել որոշ վարժություններ և տանը պարապել երեխայի հետ։
 
«Մի լավ օր ֆեյսբուքում տեսա որ մեզ մոտ բացվելու է «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնը։ Տեղեկանալուն պես երեխային տարա բժիշկների մոտ։ Մեզ շատ լավ, ժպիտով ընդունեցին, սկսեցինք հաճախել կենտրոն։ Անգելինաս շատ հաճույքով հաճախում է ու նկատելի փոփոխություններ կան թե՛ քայլքի, թե՛ վարքի առումով»։
 
Մայրիկը նշում է, որ արդեն 3 տարի հաճախում են ֆիզիոթերապիայի, 1 տարուց ավելի՝ լոգոպեդի։ Երեխան այժմ քայլում է, փորձում հստակ խոսք արտաբերել։
«Ես շատ շնորհակալ եմ «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնին և անձնակազմին»,- նշում է նա։
 
Մենք ևս շատ ուրախ ենք ականատես լինելու Անգելինայի գրանցած առաջընթացին՝ դառնալով այդ ընթացքի մի մասնիկը։
Առջևում դեռ նորանոր ձեռքբերումներ կգրանցենք միասին։