2017 թվականին ստեղծվեց «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնը, որի առաքելությունն է՝ նպաստել առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների ինտեգրմանը հասարակության մեջ։ Գործունեություն ծավալելով Մարտունի տարածաշրջանում, կենտրոնը՝ շնորհիվ ձեռք բերված փորձառության, կիրառած մեթոդների ու աշխատանքի կազմակերպման արդյունավետության, որոշեց ընդլայնել գործունեության աշխարհագրությունը։ Գաղափարն իրականություն դարձավ մի շարք հովանավորների` վերջինիս միանալու ու աջակցելու շնորհիվ։
 
Բացվեց կենտրոնի Եղեգնաձորի մասնաճյուղը։ Երկամյա գործունեության ընթացքում կենտրոնը սպասարկում է 135 սանի, ձեռք է բերել տարածաշրջանի բնակչության սերն ու հավատը։
 
Փետրվարի 22-ը հիշարժան դարձնելու համար` կենտրոնի 2-ամյակի կապակցությամբ կազմակերպվել էր տոնակատարություն։ Ուրախ ու ջերմ մթնոլորտ, խաղեր ու պարեր․ երեխաներին հետաքրքիր և անմոռանալի տպավորություններ է փոխանցել ծաղրածու Ջինը, որից հետո փչվել են հոբելյանական տորթի մոմերը։
 
Շնորհակալ ենք բոլորին, ովքեր միացել են մեզ` լուսավորելու անսահման սիրո և հոգատարության կարիք ունեցող երեխաների մանկությունը։