Մայիսի 18-ին՝ Զատկից 40 օր հետո, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը, որը ժողովուրդն անվանում է նաև Վիճակի կամ Կաթնապուրի տոն: Համբարձման տոնը դասվում է Հայ Առաքելական Եկեղեցու շարժական տոների շարքին, որը յուրաքանչյուր տարի նշվում է տարբեր օրերի։
 
«Արտիսիմո» ՀԿ -ն, կարևորելով հայկական ավանդույթների պահպանումը, նույնպես նշեց Համբարձման տոնը՝ իրականացնելով հետաքրքիր «Արվեստանոց»։
 
Միջոցառման ընթացքում երեխաները, իրենց գլխին կրելով գեղեցիկ ծաղիկներից հյուսված պսակներ, ներկայացան թեմատիկ երգերով ու պարերով, այնուհետև, ծնողների հետ միասին իրականացրին տիկնիկագործություն՝ պատրաստելով օրվա խորհրդանիշ Վիճակ Արուս տիկնիկը։
 
Միջոցառումն ամփոփվեց վիճակ-խաղով, որի միջոցով իրականացվեց տոնի ավանդույթներից ևս մեկը՝ վիճակահանությունը։
 
Տոնը ստացված էր, երեխաներն ու մայրիկները ծանոթացան հայկական ևս մի տոնակատարությանը, վայելեցին օրը՝ ստանալով բազում դրական էմոցիաներ և, իհարկե, նվեր՝ իրենց իսկ ձեռքերով պատրաստված յուրօրինակ տիկնիկները։