Հայ ժողովրդի սիրելի սրբերից է Սուրբ Սարգիսը, ով անվանվում է ընտանիքի և սիրահարների պահապան, ճանապարհին վտանգվածների ապավեն և արագահաս օգնականը բոլոր նեղյալների։
 
Հայ մանրանկարչության մեջ Ս. Սարգիսը պատկերվել է ճերմակ նժույգի վրա, զինավառ կերպարանքով, հաճախ` վիշապ օձին նիզակահարելիս:
 
Փետրվար ամիսը հայ ժողովրդի համար տոնաշատ է: Հայ Առաքելական Եկեղեցին փետրվարի 13-ին նշում է ժողովրդի ամենասիրված տոներից մեկը` Տրնդեզը կամ Տեառնընդառաջը (Հիսուսի՝ տաճարին ընծայման տոն): Տրնդեզն, ըստ էության, խորհրդանշում է ձմռան հրաժեշտն ու գարնանամուտը: Գլխավոր խորհրդանիշը խարույկն է, որի վրայով, ձեռք ձեռքի բռնած, թռնում են սիրահար զույգերը կամ նորապսակները, ինչպես նաև տոնակատարության ցանկացած մասնակից։
 
«Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնը ևս անդրադարձել է տոներին։ Փետրվարի 13-ին կենտրոնում մեկնարկել է «Արվեստը դռներն է բացում» ինտեգրման ծրագրի «Արվեստանոց» շարքը։ Մեկնարկը տրվել է «Սուրբ Սարգիս» տոնին նվիրված «Արվեստանոց»-ով՝ «համեմված» Տրնդեզի ավանդույթներով։
 
Միջոցառմանը մասնակցել են կենտրոնի սաներն ու իրենց ծնողները, այդ թվում ԿԱՊԿՈՒ երեխաները, ովքեր ինտերակտիվ կերպով ծանոթացել են տոնի ավանդությանը, իրենց ձեռքերով պատրաստել պարկեր ու սմբակներ՝ լի օրը խորհրդանշող աղանձով, չրերով ու փոխինձով։ Ոսկեփորիկների համար օրն իսկապես տոն էր, ավանդությունն ու օրվա խորհուրդը՝ սիրված ու հասկացված։