Խաղաղության հրեշտակները «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի ԿԱՊԿՈՒ (կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող) երեխաների ձեռքերով պատրաստված արվեստի փոքրիկ գործեր են: Խաղաղության՝ քանի որ այս հրեշտակների ստեղծելուն նվիրված ամեն օր երեխաները ճանաչում են իրար, խաղաղեցնում շուրջը հավաքված մարդկանց, և, իհարկե, խաղաղվում են հենց իրենք: Հրեշտակագործության (այսպես է կոչվում հրեշտակների կերտման և նկարազարդման ընթացքը) ամեն մի օր սովորեցնում է երեխաներին համագործակցել իրար հետ և հոգ տանել միմյանց մասին: Այն վիզուալիզացիան է ընթացքի, որն ամեն օր տեղի է ունենում «Ոսկեփորիկ»-ում և մարմնավորումն է կենտրոնի մանկավարժների, տիպիկ երեխաների, մարդկանց, ովքեր սեր ու լույս են տալիս ոսկեփորիկներին և թևերը բաց պաշտպան կանգնում այդ երեխաներին, նրանց հույզերին և ապրումներին: Եվ, այո՛, դառնում պահապան հրեշտակ բալիկի, ով զգացել է իր գլխավերևում կանգնած ուժը, մարմնավորել ու կերտել նրան, և ինքն էլ դարձել իրեն ձեռք մեկնած լուսավոր մի հոգու պահապան հրեշտակը:

ԿԱՊԿՈւ երեխաների և տիպիկ հասարակության այս հանդիպումները «Ոսկեփորիկ»-ում սովորեցնում են յուրաքանչյուրին միասնական աշխատանքի՝ այդ առանձնահատուկ երեխաների աջակցության նպատակով: Գնելով «Ոսկեփորիկ»-ի Խաղաղության հրեշտակին, դուք ցուցաբերում եք սեր և հոգատարություն, հարգանք և ուշադրություն իրեն «կյանք տված» երեխային, օգնում հոգալ նրա կարիքները և դառնում այդ երեխայի պահապան հրեշտակը:

Յուրաքանչյու՛րն էլ կրում է իր մեջ հրեշտակին բնորոշ լույսը, յուրաքանչյու՛րն էլ ունակ է հրեշտակագործության: