Ապրիլի 19-ին կայացավ «Արտիսիմո» մշակութային ՀԿ-ի կողմից Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում հիմնադրված «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի գործունեությունը ներկայացնող առաջին մեծ միջոցառումը Երևանում:

Երեկոն, որը կրում էր «Աջակցություն մոռացված երեխաներին» խորագիրը, նպատակ ուներ ո՛չ միայն ներկայացնել կենտրոնի գործունեությունը և երկու տարվա ընթացքում ունեցած արդյունքներն ու հաղթանակները, այլ նաև ձեռքբերել նոր աջակիցներ և ընկերներ՝ «Ոսկեփորիկ»-ի կարևոր առաքելությունը շարունակելու համար:

Միջոցառմանը ներկա էր Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը, «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի ղեկավար Գյուլնարա Շահինյանը, «Մաշտոց» հիմնադրամի տնօրեն, Մատենադարանի արտաքին կապերի բաժնի ղեկավար Վարդի Քեշիշյանը, «Ուիգմոր Քլինիք»-ի հիմնադիր Զավեն Կոլոյանը, «ՍՈՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամի տնօրեն Մարինա Փարազյանը, «ԱՄՔՈՐ Արմենիա» հիմնադրամի ներկայացուցիչ Վիկտորիա Ավակովան և այլ հարգելի և սիրելի հյուրեր:

Աշխատանքային մթնոլորտը, որը հնարավորություն ընձեռնեց ներկաներին՝ համագործակցության նոր եզրեր գտնել, փոխակերպվեց շատ մտերմիկ մթնոլորտի՝ անսահման սիրո և հոգատարության կարիք ունեցող երեխաների լուսավոր մանկության առհավատչյայով: