Հեքիաթ է մանուկների աշխարհը, և կախարդական է ամենն, ինչ կատարվում է նրանց շուրջ և նրանց մասնակցությամբ։ Այս միտքը հերթական անգամ իր ապացույցն ունեցավ «Արվեստը դռներ է բացում» ծրագրի թվով 2 «Արվեստանոց»-ի ժամանակ, որը կայացավ մարտի 30-ին Մարտունու Մշակույթի տանը։ «Արվեստանոց»-ին մասնակցեցին թվով 150՝ «Ոսկեփորիկ» գեղագիտության զարգացման կենտրոնի շահառու ԿԱՊԿՈՒ և տիպիկ բալիկներ։ Այն վարեցին աճպարարներ Նահապետ Արշակյանը և Նարեկ Ղալայանը։ Նրանք բոլորին կախարդական աշխարհ տեղափոխեցին, որտեղ լի էին հրաշքները, բարձր էր ծիծաղը, անսահման՝ երջանկությունը երեխաների, ովքեր ամեն օր՝ ժպիտներով, փոքրիկ քայլերով, հավատով և կամքի ուժով ցույց են տալիս իրենց շուրջ ապրող հարյուրավոր մեծերի ու փոքրերի՝ բավական է հավատալ հրաշքներին, դրանք անպայման կթակեն քո դուռը։ Լայն բացված աչքերով ու սրտերով էին փոքրիկները դիմավորում Նահապետի և Նարեկի ամեն մի նոր կախարդությունը, ինչպես և նույնչափ լայն ժպիտներով ենք դիմավորում «Ոսկեփորիկ»-ի յուրաքանչյուր շահառու բալիկի հաջողությունները։