Արդեն մեկ ամիս է, ինչ «Արվեստը դռներ է բացում» ինտեգրման ծրագիրն իր բարի ընթացքի մեջ է: Հետամուտ լինելով դեռ 2018-ին մեկնարկած այս ծրագրի նպատակներին և արդյունքներին և շարունակելով արդեն բարի ավանդույթ դարձած «Արվեստանոց»-ները, ձմռան վերջին օրը «Ոսկեփորիկ» գեղագիտության զարգացման կենտրոնի շահառու ԿԱՊԿՈՒ և կամավոր բալիկները, ինչպես նաև այլ կրթական հաստատությունների սաներ մասնակցեցին այս տարվա առաջին «Արվեստանոց»-ին: Այն կայացավ Մարտունու «Մուշ» համալիրի մանկական սրահում: Մարտունու մարզիկների,«Մուշ»-ի աշխատակիցների աջակցությամբ և «Ոսկեփորիկ»-ի մանկավարժների գլխավորությամբ ուրախ ու միասնական օր ունեցան ոչ միայն շահառու բալիկները, այլ նաև նրանք, ովքեր ինչ-որ կերպ ներգրավված էին օրվա ընթացքի մեջ: Երեխաների ապրումներն ու բերկրանքը, իրենցից առկայծող լույսը, կամավոր բալիկների ոգևորությունը, մարզիկների հոգատարությունը, «Մուշ» համալիրի աշխատակիցների հյուրընկալությունը, «Ոսկեփորիկ»-ի մանկավարժների անմնացորդ նվիրումն ու սերը, որոնց շնորհիվ է «Արվեստը դռներ է բացում» ծրագիրն արձանագրում այսպիսի մեծ հաջողություններ. այս ամենը նկարագրելու համար, թվում է, բառերը բավական չեն: Շնորհակալություն ենք հայտնում «Մուշ» համալիրի ղեկավարներ Սարո Ղազարյանին և Արամ Մանուկյանին, բազկամարտի Հայաստանի և արտերկրի բազմակի մրցանակակիր Մհեր Ղազարյանին, մարզիկներ Արթուր Սիրականյանին և Սեդրակ Գասպարյանին և մեր անփոխարինելի մանկավարժներին. ձեր համատեղ ու սրտացավ աշխատանքն է պատճառն այսքան մանուկների լայն ժպիտների: