2018 թվականի հուլիսի 17-ին «Ոսկեփորիկ» գեղագիտության զարգացման կենտրոնում մեկնարկել է «Արտիսիմո» ՀԿ-ի և «ԱՄՔՈՐ Հայաստան» հիմնադրամի «Արվեստը դռներ է բացում» հատուկ ծրագիրը, որի նպատակն էր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք  ունեցող երեխաների ինտեգրումը հասարակության մեջ՝ ամենաանկեղծ և ամենաարդյունավետ գործիքի՝ արվեստի միջոցով: Ծրագրի շրջանակներում բազմաթիվ ԿԱՊԿՈՒ և տիպիկ երեխաներ մասնակցել են տարատեսակ «Արվեստանոց»-ների:

Շատ նշանակալի էր թվով առաջին «Արվեստանոց»-ը, որը վարել են «Լապտերներ» նախագծի անդամները։ «Լապտերներ»-ն իրենց հասակակից ԿԱՊԿՈՒ և տիպիկ երեխաներին ներկայացրել են ազգային և դասական նվագարանները, կիսվել իրենց գիտելիքներով և վարպետության շատ աշխույժ և ուրախ դաս անցկացրել։

«Արվեստանոց»-ների շրջանակներում «Ոսկեփորիկ»-ը հյուրընկալել է բարի ու մեծ սրտերի տեր «Գաթա բենդ»-ի հրաշալի երաժիշտներ Գարեգին Առաքելյանին և Անդրանիկ Սարկավագ Մանուկյանին, ովքեր զգացմունքների հրավառություն են պարգևել Մարտունի համայնքի բալիկներին, «Միմոս» խամաճիկների թատրոնին, նկարչուհի Լիլիթ Վարդումյանին, ով ծրագրի շահառու երեխաների հետ խոսել է արվեստի մասին, առանձնացրել կերպարվեստի՝ մանուկներին ամենից շատ գերող և զվարճացնող ճյուղը՝ տիկնիկագործությունը և օգնել նրանց տիկնիկներ պատրաստել։ Երեխաների համատեղ աշխատանքից, անսահման երևակայությունից և փոխօգնությունից ծնվել են Հովհաննես Թումանյանի «Պոչատ աղվեսը» հեքիաթի հերոսները:

«Արվեստը դռներ է բացում» հատուկ ծրագրի շրջանակներում ԿԱՊԿՈՒ և տիպիկ երեխաները հյուրնկալվել են Երևանում, «Փոքր թատրոն» գեղագիտության ազգային կենտրոնում։ Արվեստանոցը վարել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը և թատրոնի դերասանները, Մարտունիում գտնվող «ԱՍՊ» հեծյալ ակումբում, որտեղ երեխաները մասնակցել են հիպոտերապիայի: Այն Գեղարքունիքի մարզի երբևիցե իրականացված անդրանիկ նմանօրինակ միջոցառումն է եղել:

«Արվեստը դռներ է բացում» հատուկ ծրագիրը շարունակվել է մինչ դեկտեմբեր՝ հաջորդ տարի կրկին անցկացնելու ակնկալիքներով: