Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Ոսկեփորիկ» գեղագիտության զարգացման կենտրոնն իր դռները բացել է 2017 թվականի հոկտեմբերի 5-ին: Կենտրոնն իրականացնում է իր հեղինակային կրթական ծրագիրը, որն ուղղված է տարիքային տարբեր խմբերի երեխաների ընդհանուր գեղագիտական դաստիարակությանը և ներառում է երաժշտության, կերպարվեստի, թատերական, լրագրողության, կինոյի, ազգագրության, առողջ ապրելակերպի և բնապահպանության ընդհանրական դասեր և հանդիպումներ։

Կենտրոնի կարևորագույն նպատակներից է ծրագրի իրականացումը ՀՀ մարզերում, ինչը կապահովի մատաղ սերնդի ոչ միայն հայկական մշակույթի, այլ նաև հենց իրենց բնօրրանում ծնված մշակութային ժառանգության ճանաչումն ու պահպանումը:

Արդեն նույն թվականի դեկտեմբերի սկզբին «Ոսկեփորիկ»-ի սաների ցանկում ներառվել են նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաներ: Այս հատուկ ծրագրի հիմնական նպատակն է երեխաների ներգրավումը (ինտեգրումը) հասարակության մեջ և այդ գործընթացը կանխող գործոնների նվազեցումը: Ծրագրերի շրջանակներում կենտրոնի ԿԱՊԿՈՒ բալիկները մասնակցում են ավազաթերապիայի, հիպոթերապիայի, դրամաթերապիայի, հյուրընկալում երաժիշտների, նկարիչների, արվեստի այլ ճյուղերի ներկայացուցիչների, ինչպես նաև հյուրնկալվում իրենց մոտ և առնչվում արվեստի բուժիչ, կառուցողական, զարգացնող և կրթող գերուժի հետ:

«Ոսկեփորիկ»-ը հայոց մշակույթի գանձարան է, և այդ գանձարանը լցնելու համար այն պետք է լինի ամենավստահելի ձեռքերում՝ մանուկների ձեռքերում. հատկապես այն մանուկների, ովքեր ունեն անսահման սիրո և անմնացորդ տրվող հոգատարության կարիք։ Նրանց ձեռքերն ամենաամուրն են, իսկ սրտերը՝ ամենաբացը: