2016 թվականին «100 լապտերիկները» դառնում է անկախ նախագիծ և կոչվում «Լապտերներ»: 2016-ին այն նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարելիցին: 25 տարին մեկ սերունդ է: Անկախության այդ քառորդ դարյա ժամանակահատվածում Հայաստանում և Արցախում մեծացել է անկախության առաջին սերունդը, որն անկախ հայրենիքից զատ այլ հայրենիք չի ճանաչում:

«Լապտերներ» նախագծի նպատակն է ի հայտ բերել այդ ինքնավստահ, ազատության ու անկախության գաղափարներն իրենց սրտում, մտքում նաև արվեստում կրող մանուկներին և պատանիներին՝ նրանց առջև բացելով խոստումնալից ապագա:

2016 թվականի՝ Անկախությանը նվիրված արվեստանոցների շարքը մեկնարկեց հունիսի 7-ին, որը վարեց բանագետ, բանահավաք, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արուսյակ Սահակյանը:  Հանդիպումը կրում էր «Էդ դու՛ ես» խորագիրը։ Արուսյակ տատիկը (սիրում է, երբ իրեն այդպես են կոչում երեխաները) զրուցեց նրանց հետ շատ պարզ, սակայն շատ կարևոր բաներից, որոնցով հազարամյակներ շարունակ շրջապատված է եղել մարդը, դաստիարակվել է ու կրթվել, ձևավորվել որպես անձ, ազգ, ժողովուրդ։ Նա հորդորեց ուշադիր լինել բնության խոսքին, տիեզերքի ձայնին, հաճախակի լինել բնության գրկում ու նայել աստղազարդ երկնքին։ Տիկին Արուսյակը մի թախանձագին խնդրանքով դիմեց երեխաներին՝ որքան հնարավոր է երկար մանուկ մնալ: